Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

22 Մայիս, Չորեքշաբթի | 00:17
ՍՊՈՐՏ
News Interview Analytics Gallery
Տարվա լավագույն ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է
Տեղադրվել է 16-12-2011
«Արծաթե խաղակոշիկին» էլ արժանացել է Յուրա Մովսիսյանը:
Երեկ «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոն, որի ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Լավագույն մարզիչն էլ Վարդան Մինասյանն է:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, տարվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար բարձրագույն խմբի ակումբներից ներկայացվել է 35, ազգային հավաքականից` 11, իսկ երիտասարդական հավաքականից 5 ֆուտբոլիստի թեկնածություն: 284 միավորով տարվա լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել Հենրիխ Մխիթարյանը: Ոսկե խաղակոշիկը եւ դրամական պարգեւը Հենրիխ Մխիթարյանին է հանձնել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Մեծարման երեկոյին մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախագահը շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի անդամներին եւ պարգեւներ հանձնել հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանին ու դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, իսկ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին եւ հավաքականի մյուս անդամներին անվանական ժամացույցներ է նվիրել:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ հավաքականի անունից Սերժ Սարգսյանին` որպես հավաքականի լավագույն բարեկամի, հավաքականի մարզաշապիկ եւ գնդակ է նվիրել:

Նշենք, որ այս պահին Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում եւս որոշվում է տարվա լավագույն ֆուտբոլիստը, եւ Հենրիխը դեռ ընթանում է 2-րդ հորիզոնականում: Այս պահի դրությամբ նրան իրենց ձայնն են տվել քվեարկողների 32%-ը: 34%-ով նրան նախորդում է դարպասապահ Ալեքսանդր Ռիբկան: Հիշեցնենք, որ Հենրիխը Դոնեցկի «Շախտյորի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքել 2010 թվականի օգոստոսի 30-ին։ Դոնեցկի «Մետալուրգը» Հենրիխի տրանսֆերի դիմաց ստացավ 7,5 մլն դոլար։

Ծովինար Կարապետյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Ք. Երևան, Աբովյան 9
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am, yehc@msy.am