Հայ ձյուդոիստները բավարարվեցին 2-րդ տեղով
Տեղադրվել է 13-12-2011
Դեկտեմբերի 9-ից 11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվեց ՌԴ պաշտպանության նախարարության ձյուդոյի գավաթի խաղարկությունը:
Մրցաշարին մասնակցում էին մինչեւ 20 տարեկան երիտասարդները: Խաղարկությունն անցկացվում էր առաջին անգամ, բայց բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՌԴ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարեց, որ այն կդառնա ամենամյա:
ՌԴ-ն ներկայացնում էին Բանակի մարզական ակումբի, Ներքին գործերի նախարարության, Արտակարգ իրավիճակների եւ Ռազմական ինստիտուտի թիմերը: Մրցաշարին մասնակցում էին նաեւ Թուրքիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունգարիայի եւ Հայաստանի Բանակի մարզական ակումբի թիմերը:
Մեր թիմը նախնական հանդիպումներում նախ 3-2 հաշվով հաղթեց ՌԴ Արտակարգ իրավիճակների թիմին, երկրորդ հանդիպմանը 4-1 հաշվով հաղթեց Ուկրաինայի, իսկ կիսաեզրափակիչում դարձյալ 4-1 հաշվով հաղթեց ՌԴ Ներքին գործերի նախարարության թիմերին:
Եզրափակիչում մեր տղաները մրցեցին ՌԴ Բանակի մարզական ակումբի թիմի հետ, որի կազմում հանդես էին գալիս 2011 թ-ի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների հաղթողներ եւ մրցանակակիրներ Դմիտրի Զուեւը (73 կգ), Խասան Խալմուրզաեւը (81 կգ) եւ Կազբեկ Զանկիշիեւը (90 կգ): Մեր թիմի ամենատիտղոսակիր մարզիկը 2011 թ-ի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն Գոռ Հարությունյանն էր (60 կգ), ով մրցաշարում հանդես էր գալիս 66 կգ քաշային կարգում: Համառ պայքարում մեր թիմը 2-3 հաշվով զիջեց եւ բավարարվեց 2-րդ մրցանակային տեղով:
Մեր թիմը հանդես էր գալիս հետեւյալ կազմով`
Գոռ Հարությունյան (66 կգ)
Դավիթ Ղազարյան (66 կգ)
Սուրիկ Գառնիկյան (73 կգ)
Դավիթ Նիկողոսյան (73 կգ)
Անդրանիկ Չափարյան (81 կգ)
Մհեր Կարապետյան (90 կգ)
Ազատ Աբրահամյան (+90 կգ)
Պատվիրակության ղեկավարը Արմեն Հովհաննիսյանն էր, մարզիչը` Տիգրան Բաբայանը, Հայաստանից մեկնած մրցավարն էլ` Դավիթ Մխիթարյանը:
Տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան: