«Batman»-ի մասին պատմող նոր ֆիլմը չարդարացրեց սպասելիքները
Տեղադրվել է 24-07-2012
«The Dark Knight Rises» ֆիլմը կլինի Քրիստոֆեր Նոլանի վերջին աշխատանքը, որը պատմում է «Չղջիկ-մարդու» կյանքի մասին:
Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, անվանի ռեժիսոր Քրիսոֆեր Նոլանի՝ «Չղջիկ-մարդու» մասին պատմող ֆիլմաշարի վերջին` 3-րդ մասը, որը կոչվում է «Սեւ ասպետը: Լեգենդի վերածնունդը», Ամերիկայում եւ Կանադայում անցած հանգստյան օրերի ցուցադրությունների ընթացքում հավաքել է շուրջ 160-170 մլն դոլար: Թեեւ հարկ է նշել, որ այդ թվերը պաշտոնական տվյալներ չեն, քանի որ «Warner Bros» կինոընկերությունը հրաժարվել է իրենց ստացած շահույթի մասին առաջիկա 5 օրերի ընթացքում որեւէ պաշտոնական հայտարարություն անելուց, որովհետեւ այս օրերին Ամերիկայում սուգ է:
Բանն այն է, որ հուլիսի 20-ին, երբ Ավրորա քաղաքում ցուցադրվում էր «Չղջիկ-մարդու» մասին պատմող ֆիլմը, կինոթատրոն է ներխուժել Ջեյմս Հոլմս անունով ոմն խելագար եւ անդադար կրակ բացել դահլիճում նստած մարդկանց վրա: Արդյունքում` ֆիլմի պրեմիերայի ժամանակ զոհվել է 12 մարդ, մոտ 60 կինոսիրողներ, այդ թվում` նաեւ երեխաներ, վիրավորվել են:
Հոլիվուդյան «Warner Bros» կինոընկերությունը, որն ավելի քան 250 մլն դոլար է ծախսել ֆիլմի ստեղծման համար, պաշտոնապես չի հայտարարում իր ստացած եկամուտների մասին` սպանվածների եւ վիրավորների հարազատներին չվիրավորելու համար:
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմը չի գերազանցել «Վրիժառուները» ֆիլմի` դեռեւս մայիս ամսին գրանցած ռեկորդը. առաջին հանգստյան օրերի ցուցադրությունների ընթացքում այդ ֆիլմը հավաքել էր մոտ 207.5 մլն դոլար: Քրիստոֆեր Նոլանն ու «Warner Bros» ընկերությունը բավարարվել են միայն մեկ ռեկորդով. «Սեւ ասպետը: Լեգենդի վերածնունդը» ֆիլմը 3D ձեւաչափով ցուցադրվող ամենաշահութաբեր ֆիլմն է դարձել, թեեւ այն հետ է մնում ոչ միայն «Վրիժառուներ»-ից, այլեւ փոքրիկ հրաշագործ Հարրի Փոթթերի մասին պատմող վերջին եզրափակիչ ֆիլմից, որը նույնպես 3D ձեւաչափով է նկարահանված:
Իհարկե, եթե Քրիստոֆեր Նոլանը որոշեր ֆիլմը նկարահանել եռաչափ գրաֆիկական պատկերի միջոցով, ապա դժվար թե այսօր այդ ֆիլմը ռեկորդակիր չդառնար հոլիվուդյան ֆիլմերի շարքում:
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ այդպիսի ցածր արդյունքները պայմանավորված են այն հանգամանքով, որ օրեր առաջ ֆիլմի պրեմիերաները հետաձգվել էին Մեքսիկայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում եւ մի շարք այլ երկրներում, քանի որ Ավրորա քաղաքում տեղի ունեցածը բացասական ազդեցություն է ունեցել ֆիլմի` այդ երկրներում իրականացվող վաճառքի վրա:
Հարություն Ծատրյան