Օլիմպիական դրոշնե՞րն էլ են կեղծել
Տեղադրվել է 23-07-2012
Մեծ Բրիտանիայում գրեթե ավարտվում են ամառային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները:
Մինչեւ խաղերի մեկնարկը մնացել է 4 օր. հուլիսի 27-ին կկայանա խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Դրան հետեւելու համար նախնական տվյալներով շուրջ 4 մլրդ մարդ կհավաքվի էկրանների առջեւ: Օլիմպիադային հետեւելու են ավելի քան 28 հազար բրիտանացի եւ արտասահմանցի լրագրողներ:
Այս տարի Լոնդոնի օլիմպիական խաղերը համընկնում են մահմեդական Ռամադանի տոնի հետ` հուլիսի 20-օգոստոսի 19: Այդ ընթացքում հավատացյալ մահմեդականները պետք է ցերեկները պահք պահեն: Օլիմպիական ավան ժամանած մարզիկների թվում կան 3 հազար մահմեդականներ, ովքեր կարող են լուրջ խնդիրների հետ բախվել: Նրանցից շատերը հայտարարել են, որ մրցումների ավարտից անմիջապես հետո կշարունակեն հետեւել ավանդույթներին:
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն էլ վստահեցրել է, որ իրենց մայրաքաղաքը լիովին պատրաստ է 30-րդ ամառային օլիմպիական խաղերն ընդունելուն: Նա խոստացել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը գործելու է անխափան:
Չնայած օլիմպիական խաղերի կազմակերպիչներն ամեն ինչ անում են` մրցումներն անթերի կազմակերպելու համար, սակայն այս անգամ էլ գտնվեցին մարդիկ, ովքեր ուզում են, մեղմ ասած, գումար վաստակել: Այսպես` «Հիթրոու» օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցներն առգրավել են օլիմպիական խորհրդանիշներով ավելի քան 10 հազար հուշանվեր-դրոշներ:
Դրանք Մեծ Բրիտանիա են բերվել Չինաստանից: Մոտավոր հաշվարկներով ապրանքի իրացումը կարժենար շուրջ 100 հազար ֆունտ ստեռլինգ: «Կեղծված ապրանքներ արտադրելը բնավ էլ անմեղ զանցանք չէ, այլ մի ամբողջ քրեական բիզնես, որը բրիտանական տնտեսության վրա նստում է շուրջ 1.3 մլրդ ֆունտ»,- ասել է «Հիթրոու» օդանավակայանի սահմանային վերահսկողության ծառայության պետ Մարկ Օուենը: Տեղեկությունը տարածել է «BBC»-ն:
Պատրաստեց Ծովինար Կարապետյանը