«Տուրանդոտ» օպերան առաջին անգամ կներկայացվի Հայաստանում
Տեղադրվել է 03-07-2012
Օպերայի համերգային կատարման պրեմիերան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հուլիսի 3-ին:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի այս համերգաշրջանի ամենասպասված իրադարձություններից մեկը` Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային տարբերակը կհնչի 2 անգամ` հուլիսի 3-ին եւ 6-ին:
Օպերային ստեղծագործությունների համերգային կատարումներ իրականացնելը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանի կարեւոր ավանդույթներից է: Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան) եւ «Սպեղանի» մանկական երգչախումբը (գեղ. ղեկավար եւ խմբավար` Սարինե Ավթանդիլյան): Օպերային կատարմանը որպես մենակատարներ հանդես կգան Սիրանուշ Գասպարյանը (սոպրանո)` արքայադուստր Տուրանդոտի դերում, Էնրիկո Լին (տենոր, Հարավային Կորեա)` Կալաֆի դերում, Իրինա Զաքյանը (սոպրանո)` Լիուի դերում, Սարգիս Թորոսյանը (տենոր)` Ալտոումի դերում, Ռիչարդ Մադլենյանը (բաս)` Թիմուրի դերում, Գուրգեն Բավեյանը (բարիտոն)` Պինգի դերում, Սարգիս Աղամալյանը (տենոր)` Պանգի դերում, Պերճ Քարազյանը (տենոր)` Պոնգի դերում, Հովսեփ Նշանյանը (բարիտոն)` Մանդարինի դերում:
Արքայադուստր Տուրանդոտի եւ Կալաֆի սիրո պատմությունը ներկայացնող օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926 թ-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում, որից հետո այն արագորեն տարածվել է եւ կատարվել աշխարհի տարբեր կողմերում` ամենահեղինակավոր համերգասրահներում: «Տուրանդոտ»-ն օպերային հիմնական երգացանկի գործերից է եւ ամենահաճախ կատարվող օպերային ստեղծագործություններից մեկը:
Ծովինար Կարապետյան