Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

20 Հունիս, Հինգշաբթի | 03:34
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
News Interview Analytics Gallery
Մայր բուհը կոչ է անում հետեւել իր օրինակին
Տեղադրվել է 28-06-2012
Այսօր կայացան «Բուհ-աշխատաշուկա արդի կամուրջների հաստատում եւ փոխգործակցության ընդլայնում» ծրագրի ամփոփումը եւ www.career.ysu.am կայքի շնորհանդեսը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի համատեղ կազմակերպած ծրագիրն օգնեց բազմաթիվ երիտասարդների:

Դեռեւս մայիսին մեկնարկած ծրագրի հիմնական նպատակն էր պարզել համալսարան-ձեռնարկություն համագործակցության արդի հիմնախնդիրները եւ ուրվագծել համագործակցության հեռանկարները:

Ավելի քան 100 ուսանողներ մասնակցեցին Մայր բուհում մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած եւ 3 մասից բաղկացած դասընթացներին, որոնք վերաբերում էին գործատուին ճիշտ ներկայանալու սկզբունքներին եւ հմտություններին, ժեստիկուլյացիոն լեզվին, հասարակական ակտիվությանը եւ այլն: Մոտ 40 ակտիվ երիտասարդներ էլ արդեն հունիսին Ծաղկաձորում մասնակցեցին թիմային աշխատանքի, լիդերության, միջհաղորդակցության լեզվի եւ մանիպուլյացիայի թեմաներով եռօրյա սեմինար-դասընթացներին:

Երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համագործակցության հուշագրեր էր ստորագրել ՀՀ-ում գործունեություն ծավալող 6 մասնավոր ընկերությունների՝ «UITE», «Մեմորիալ Սիստեմ», «Մաքադեմիա», «Ռոսգոսստրախ», «Արեգակ» եւ «Էսկուլապ» դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Վաղուց էր եկել ժամանակը, որ բազում քննարկումներից անցնենք գործնական պայմանավորվածությունների եւ կոնկրետ քայլերի՝ ակտիվացնելով բուհ-ձեռնարկություններ կապը: Այսուհետ մեզ հետ պայմանավորվածություն ձեռք բերած ձեռնարկության ներկայացուցիչները կմասնակցեն ուսումնական ծրագրերի կազմման քննարկումներին ու աշխատանքներին»,- ծրագրի ամփոփիչ հանդիպման ժամանակ նշեց ԵՊՀ ռեկտորը` վստահություն հայտնելով, որ հետագայում ՀՀ մյուս բուհերն էլ շուտով կսկսեն աշխատել կորպորատիվ համալսարան ստեղծելու ուղղությամբ:

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանի խոսքերով` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ իրականացված ծրագիրը հաջողված նախագիծ կարելի է համարել:

«Իհարկե, տարիների աշխատանք է պետք, որպեսզի էլ ավելի հստակեցվի բուհ-ձեռնարկություն համագործակցությունը: Իրականացված դասընթացներն արդյունավետ են եղել ուսանողների համար»,- ասաց Լիլիթ Հակոբյանը` ներկայացնելով նաեւ www.career.ysu.am նորաստեղծ կայքը, որտեղ թե՛ ուսանողները, թե՛ գործատուները կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանն էլ վստահեցրեց, որ նախարարությունը պատրաստ է համագործակցելու եւ աջակցելու ոչ միայն Մայր բուհին, այլեւ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին:

«Երիտասարդների զբաղվածության հարցն այսօր նախարարության գերակա խնդիրներից մեկն է: Մենք կարեւորում ենք բուհի եւ աշխատաշուկայի սերտ կապն ու պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով օգնել այդ կապի ստեղծմանն ու ամրապնդմանը: Մենք պետք է մեծ ջանքեր ներդնենք այս ուղղությամբ»,- ասաց Արմեն Պապյանը եւ ՀՀ մյուս բուհերին էլ նմանօրինակ ծրագրերով հանդես գալու կոչ արեց:

Հ.Գ.: «Մասնակցելով այս ծրագրին` ես շատ բան իմացա: Արդեն գիտեմ` հարցազրույցի ընթացքում ինչպես պետք է ճիշտ ինքնադրսեւորվել, ինձ հայտնի են գործատուի հետ հաղորդակցման հիմունքները, շնորհանդեսներ պատրաստելն ու դրանք ճիշտ ներկայացնելը: Սրանք գիտելիքներ են, որոնք ինձ կյանքում միշտ անհրաժեշտ կլինեն»,- ասաց «Բուհ-աշխատաշուկա արդի կամուրջների հաստատում եւ փոխգործակցության ընդլայնում» ծրագրի մասնակից, ԵՊՀ ուսանող Աննա Կարապետյանը:

Սոնա Մելիքջանյանը` ծրագրի մյուս մասնակիցն էլ նշեց, որ հետագայում էլ հաճույքով կմասնակցի նմանատիպ սեմինար-դասընթացների, քանի որ ցանկանում է բուհն ավարտելուն պես աշխատանք գտնել:

«Կհետեւեմ կայքին եւ կմասնակցեմ ինձ հետաքրքրող նախագծերին»,- հավելեց Սոնան:

Հարություն Ծատրյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Ք. Երևան, Աբովյան 9
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am, yehc@msy.am