|
|
|
|
21 Մայիս, Երեքշաբթի | 21:02
|
|
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
|
|
|
Մի քանի օր շարունակ նրանք բացօթյա «պայքար» մղեցին
Տեղադրվել է 26-06-2012
Ըստ կազմակերպիչների՝ «Բացօթյա ընթերցանության փառատոն 2012»-ն արդարացրեց բոլորի սպասելիքները` ինչ-որ չափով նաեւ չեզոքացնելով հանրային վայրերում ընթերցելու բարդույթը:
Երբ ստեղծագործական միտք ունեցող երիտասարդները հավաքվում են մեկ վայրում եւ որոշում միացյալ ջանքերով ինչ-որ միջոցառում կազմակերպել, ապա մեծ են այն ակնկալիքները, որ այդ միջոցառումը կլինի թարմ շնչով հագեցած, հետաքրքիր, գրավիչ ու յուրօրինակ: Այդպես էր նաեւ այս անգամ, երբ «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամները Հայաստանի մի շարք բնակավայրերում անցկացրին «Բացօթյա ընթերցանության փառատոն» խորագիրը կրող միջոցառումների շարքը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ փառատոնն ընդգրկվեց «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումների շարքում, ինչն էլ ավելի նպաստեց, որպեսզի «Ֆլեշմոբ Դիվիզիա»-ն կարողանա իրականացնել իր հիմնական նպատակը, այն է` միավորել երիտասարդությանը, չեզոքացնել հանրային վայրերում ընթերցելու բարդույթը, ամրապնդել սերը գրքի նկատմամբ ու զարգացնել բացօթյա ընթերցանության մշակույթը: Փառատոնի շրջանակներում հունիսի 21-ից 24-ը կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, որոնք կապված էին հենց ընթերցանության հետ: «Բացօթյա ընթերցանության փառատոն 2012»-ի մեկնարկը տրվեց հունիսի 21-ին, երբ Կասկադ համալիրի դիմաց հավաքվեցին մի խումբ երիտասարդներ եւ սկսեցին մեծ ոգեւորությամբ գիրք կարդալ: Այդ օրվա միջոցառման շրջանակներում իրականացվեց նաեւ «Նվիրի՛ր գիրք» ակցիան, որի ընթացքում հասարակության հիմնականում երիտասարդ ներկայացուցիչները գրքեր նվիրեցին զինվորական գրադարաններին: Ավելի ուշ կայացավ փառատոնի բացման համերգը՝ հեղինակային կատարողների մասնակցությամբ. Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Հովակիմ Սաղաթելյանը, Սարգիս եւ Գագիկ Շիբոյանները, Արմեն Ադամյանը եւ այլք իրենց կատարումներով ոգեւորություն առաջացրին: «Տոնական համերգի ընթացքում ներկայացվում էր նաեւ միջոցառման շրջանակում հրատարակված «Հեղինակային երգի ժողովածու» արժեքավոր գիրքը, որը հանրության կողմից արժանացավ մեծ ուշադրության»,- ասաց «Ֆլեշմոբ Դիվիզիա»-ի անդամ, միջոցառումների կազմակերպիչ Արամ Գրիգորյանը: Հունիսի 22-ին էլ Երեւանի Սիրահարների այգում կազմակերպվեցին մանկական ընթերցանության միջոցառումներ. բացօթյա ընթերցանությանը մասնակցում էին հենց երեխաները: Ընդ որում` երեխաներին ներկայացվեցին նաեւ մանկական նոր հրատարակված գրքեր եւ այլ հետաքրքիր նյութեր: «Երեխաների համար կազմակերպել էինք նաեւ հատուկ հեքիաթասացություններ ու մանկական գեղեցիկ ներկայացումներ, որոնք մեծ ոգեւորությամբ ընդունեցին մեր փոքրիկ ընկերները»,- նշեց «Ֆլեշմոբ Դիվիզիա»-ի ակտիվ անդամ Անի Աբրահամյանը: Հաջորդ օրը՝ հունիսի 23-ին, կրկին Սիրահարների այգում հանդիպում-քննարկում էր կազմակերպվել ժամանակակից գրողների հետ, ինչը գրողների եւ ընթերցողների հանդիպման լավ հնարավորություն էր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հեղինակներին եւ ընթերցողներին հուզող բազմաթիվ հարցեր: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի Երեւանը ճանաչվել է որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, ինչպես նաեւ նախորդ տարիների հաջողություններով պայմանավորված՝ այս անգամ էլ ավելի ընդլայնեցինք «Բացօթյա ընթերցանության փառատոնի» սահմանները՝ ընդգրկելով նաեւ ՀՀ մարզերը: Փառատոնի շրջանակում իրականացրինք «Ընթերցանության շրջագայություն» խորագրով միջոցառումների շարքը, որը տեղի ունեցավ մայիսի 26-ից մինչեւ հունիսի 4-ը: Այդ միջոցառումներին մասնակցեցին 350-ից ավելի երիտասարդներ: Այցելություններ կատարեցինք Գյումրի, Վանաձոր, Ապարան, Վայք, Եղեգնաձոր, Աշտարակ, Եղվարդ, Աբովյան, Արմավիր, Էջմիածին, Գավառ, Նորատուս, Կապան ու Քաջարան: Բոլոր տեղերում էլ մեզ լավ ընդունեցին, ինչի արդյունքում հույս ծնվեց, որ հաջորդ անգամ մեր շրջագայության քաղաքներն ու համայնքներն էլ ավելի շատ կլինեն»,- հավելեց Արամ Գրիգորյանը: Փառատոնի փակումը տեղի ունեցավ հունիսի 24-ին, երբ մի խումբ «անամոթ» ու կարծրատիպեր փշրել ցանկացող երիտասարդներ դուրս եկան մայրաքաղաք Երեւանի փողոցներ ու սկսեցին ընթերցել հանրային վայրերում՝ մետրոյում, Հանրապետության հրապարակում, սրճարաններում, այգիներում եւ այլուր: Տվյալ միջոցառումը կազմակերպվում էր ֆլեշմոբի ձեւաչափով, այսինքն՝ անցորդները տեղյակ չէին միջոցառման մասին, ինչը «հանդիսատեսի» մոտ մեծ տպավորություն թողեց: «Ամփոփելով փառատոնի ընթացքում մեր կողմից իրականացված միջոցառումները՝ եկանք այն եզրահանգմանը, որ փառատոնն անպայման պետք է շարունակվի նաեւ հաջորդ տարի՝ ընդլայնելով նաեւ իր աշխարհագրությունը: Հուսանք, որ հաջորդ տարի առավել հետաքրքիր միջոցառումներ կիրականացնենք»,- ասաց Արամ Գրիգորյանը: Պատկերասրահ` «Բացօթյա ընթերցանության փառատոնն» ամփոփվեց Հարություն Ծատրյան |
Վերջին Լուրեր
Իրադարձություն
|
|
Հարցազրույց | Վերլուծություն | ՊատկերասրահԳլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |