Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

20 Մայիս, Երկուշաբթի | 03:31
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
News Interview Analytics Gallery
Հայ մոդելը նաեւ ստեղծագործում է
Տեղադրվել է 16-06-2012
Լույս է տեսել Էմիլ Մարկի «Մեղքը քոնն է» պատմվածքը:
«Հայկական շոու-բիզնեսի փոքրիկ աշխարհում բոլորս լավ ենք ճանաչում Էմիլ Մարկին. գիտենք նրան որպես տաղանդավոր մոդելի, բայց վերջերս եմ իմացել, որ բացի մոդելային բիզնեսից` Էմիլը նաեւ ակտիվորեն ստեղծագործում է: Դեռ չեմ կարդացել նրա «Մեղքը քոնն է» պատմվածքը, սակայն այսօր` երեկոյան, անպայման կընթերցեմ այն»,- ասաց գրքի շնորհանդեսին մասնակցող երգչուհի, հաղորդավարուհի Ջուսը:

Իհարկե, Էմիլ Մարկի «Մեղքը քոնն է» երկլեզու պատմվածքի շնորհանդեսին հայտնի հյուրերից մասնակցում էր ոչ միայն երգչուհի Ջուսը: Հայտնի մոդելի գրքի շնորհանդեսին ներկա էին մեր շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ` հայտնի կատարողներ, հաղորդավարներ, ոճաբաններ, մոդելներ... Այսպես կարելի է երկար թվարկել, բայց չպետք է մոռանալ, որ միջոցառմանը ներկա էին նաեւ Էմիլ Մարկի ուսուցիչներն ու դասախոսները:

«Սկսել եմ ստեղծագործել վաղուց` դեռ փոքր տարիքից: Իհարկե, երբեք չեմ մտածել, որ տպագրված աշխատանք կունենամ, սակայն այսօր ես շատ ուրախ եմ: Այս պատմվածքը սրտիս թելադրանքի ու հոգուս թրթիռի արդյունքն է: Պատրաստ եմ ուշադրությամբ լսելու բոլոր ընթերցողներիս կարծիքները, մեկնաբանություններն ու քննադատությունը»,- ասաց «Մեղքը քոնն է» պատմվածքի հեղինակը:

Գո՞ւցե «Երիտասարդ» օն-լայն պարբերականի ընթերցողին հետաքրքրեց, թե ինչի մասին է գրել Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի շրջանավարտը, ով իր իսկ աշխատանքը թարգմանել է նաեւ ֆրանսերեն:

Հեղինակը նկարագրում է գործողություններ, որոնք 19-րդ դարում տեղի են ունեցել Ֆրանսիայում: Էմիլ Մարկը ներկայացնում է մի օտարական մարմնավաճառ աղջկա` Սելենեի ճակատագիրը, ով փորձում է հետ կանգնել անբարո ճանապարհից, սակայն աղջկան ընկեր թվացող քահանա Անտոնիոսը թույլ չի տալիս` ինքնասպանության մղելով մարմնավաճառին:

Իհարկե, «Մեղքը քոնն է» պատմվածքը` որպես գեղարվեստական ստեղծագործություն, ոչ մի յուրօրինակություն չունի, իսկ ասելիքի տեսանկյունից գուցեեւ հետաքրքրի միայն երիտասարդ ընթերցողին, ով ցանկանում է ամեն կերպ կարդալ հենց Էմիլ Մարկի ստեղծագործությունը: Բացի բուն երկլեզու «Մեղքը քոնն է» պատմվածքից` գրքում ներդիրի տեսքով կան նաեւ ասելիքն ավելի պատկերավոր դարձնող գծանկարներ, որոնք ընթերցողին օգնում են, որ ասելիքն ավելի պատկերավոր տեսնի:

Հարություն Ծատրյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Ք. Երևան, Աբովյան 9
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am, yehc@msy.am