Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

18 Մայիս, Շաբաթ | 17:31
ՄՇԱԿՈՒՅԹ
News Interview Analytics Gallery
Բոլոր միմերը՝ դեպի Ծաղկաձոր. սկսվում է…
Տեղադրվել է 10-08-2012
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը մեկնարկում է այսօր:
4 օր շարունակ Ծաղկաձորի կենտրոնում տեղադրված բացօթյա բեմում եւ քաղաքի փողոցներում ելույթ են ունենալու տարբեր երկրներից ժամանած միմերն ու մնջախաղի վարպետները:

Չնայած փառատոնը սկսվելու է այսօր՝ երեկոյան, բայց Հայաստան ժամանած արտիստներից Սերգեյ Չերվյակովն արդեն հասցրել է հայ` հանկարծակիի եկած հանդիսատեսին «սադրանքի» ենթարկել: Բանն այն է, որ երեկ՝ երեկոյան, Հյուսիսային պողոտայում` Մնջախաղի թատրոնի կառուցվելիք շենքի տարածքում, նա դարձել էր կենդանի արձան: Արձան, որը իրականի տեսք ուներ, բայց շարժվում էր, քայլում, մարդկանց հետ զուտ տեսողական շփման մեջ մտնում:

«Դուք` հայերդ, երեւի նույնիսկ չգիտեք, որ ձեր քաղաքում ունիկալ մի վայր կա, որը ստեղծված է թատերական ներկայացումներ խաղալու համար: Դա Հյուսիսային պողոտան է: Դրականորեն զարմացած եմ չնախապատրաստված հանդիսատեսի արձագանքից»,- պատմում է առաջին մասնագիտությամբ կենսաբան, այժմ մնջախաղաց Սերգեյ Չերվյակովը:

Չնայած տեղացի «հնարամիտ» երիտասարդներից մեկը փորձել էր «պատահմամբ» գցել արձանը, եւ դա ստացվել էր, բայց նույն հաջողությամբ ստիպված էր եղել այն տեղը դնել: Փառատոնի ընթացքում էլ Չերվյակովը հանդես կգա Լեոնիդ Ենգիբարյանի, Մարսել Մարսոյի եւ իր սեփական մանրապատումներով:

2008 թ-ից անցկացվող փառատոնի` այս տարվա ամենակարեւոր իրադարձությունը լինելու է Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզաձույլ արձանի տեղադրումը Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում: Արձանի բացմանն ընդառաջ կկազմակերպվի մեծ ֆլեշ-մոբ, որի ընթացքում վարպետության դասընթացների մասնակիցները միասին կփորձեն կատարել մեծ ծաղրածուի ամենահայտնի շարժումները:

Փառատոնի հատուկ հյուրն է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, արվեստաբանության թեկնածու, մնջախաղի մասին բազմաթիվ գրքերի, հոդվածների հեղինակ, ռուս Ելենա Մարկովան: Ամենախոշոր վարպետության դասն էլ հենց նա է անցկացնելու:

«Ես հասկացա, որ պետք է հայերեն սովորեմ: Գիտեմ, թե ինչ դժվար տասնամյակներ է ապրել երեւանյան թատրոնը, որը, սակայն, այդ ընթացքում չի դադարեցրել զարգացումը: Ես ամեն ինչ կանեմ` այդ զարգացմանն օգնելու համար»,- վստահեցնում է տիկին Մարկովան:

Փառատոնի ընթացքում բարձր որակավորմամբ մասնագետների կողմից կլինեն նաեւ պարային մնջախաղի վարպետության մասնագիտացված դասընթացներ:

«Eritasard.am»-ը որոշ ժամանակ առաջ զրուցել է փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի հետ, ով մանրամասն ներկայացրել է, թե օգոստոսի 10-ից 15-ը ինչ է կատարվելու Ծաղկաձորի փողոցներում:

Ծովինար Կարապետյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՍՊՈՐՏ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Ք. Երևան, Աբովյան 9
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am, yehc@msy.am